Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Երբևէ թույլ չեմ տվել ինձ որպես գործիքծառայեցնել՝ ինչ-որ վերահսկելի կառույցի գործունեությունն ուղղորդելու համար»

«Երբևէ թույլ չեմ տվել ինձ որպես գործիքծառայեցնել՝ ինչ-որ վերահսկելի կառույցի գործունեությունն ուղղորդելու համար»
10.10.2008 | 00:00

«Իրավունք de facto» ԱԿՈՒՄԲՈՒՄ
«Սևի և սպիտակի արանքում» կամ` ծայրահեղորեն բևեռացված քաղաքական դաշտի հետնապահները։ Այս առանցքի շուրջ երեկ «Իրավունք de facto» ակումբում լրագրողներին իր դիտարկումները փոխանցեց տևական մի ընթացք հրապարակային ելույթներից հրաժարված ԱԺ նախկին փոխխոսնակ, Երևանի երբեմնի քաղաքապետ, դե յուրե այլևս գոյություն չունեցող «Ազգային վերածնունդ» կուսակցության հիմնադիր ԱԼԲԵՐՏ ԲԱԶԵՅԱՆԸ։
Ընդգծելով, որ Ռամկավար ազատական կուսակցությունը «Ազգային վերածնունդ», ինչպես նաև «Դաշինք» քաղաքական ուժերի իրավահաջորդն է, ակումբի հյուրը փաստեց Հայաստանում այս պահին դե յուրե գրանցված, սակայն դե ֆակտո որևէ գործունեություն չծավալող 70-ից ավելի քաղաքական կառույցների գոյությունը, որոնց մի մասը հանրությանը ծանոթ է միայն առաջնորդների մակարդակով, մյուսներն ընդհանրապես «անունը կա՝ ամանում չկա» հարթության մեջ են։
«Ժամանակն է, որ քայլեր ձեռնարկվեն Հայաստանում քաղաքական դաշտի կայացման և կուսակցությունների խոշորացման ուղղությամբ, բնականաբար, գաղափարական հենքի վրա»,- շեշտեց նախկին կուսակցապետը, հավելելով, թե այդ նպատակով են փորձում ազգային-ազատական դաշտում գործող ուժերին ու գործիչներին համախմբել մեկ խոշոր կուսակցության շուրջ։ Այլ խնդիր է՝ կհաջողվի՞ դա իրենց, թե՞ ոչ, քանզի գլխավոր գործոնն այս հարցում նորին մեծություն ժամանակն է։ Ինչ վերաբերում է ձևավորման ընթացքի մեջ գտնվող այդ նոր ուժի ներսում սեփական կարգավիճակին, Ալբերտ Բազեյանը լրագրողներին տեղեկացրեց, որ այս պահին ինքն անկուսակցական է, դեռևս չի անդամագրվել ՌԱԿ-ին, սակայն դիմել է իր հիմնադրած և այս պահին գործունեությունը դադարեցրած «Ազգային վերածննդի» նախկին կառույցներին, շարքային անդամներին՝ ռամկավարների շարքերը ստվարացնելու հորդորով։
«Մենք մեր օրինակով (նկատի ուներ իրեն և «Դաշինքի» հիմնադիր Սամվել Բաբայանին-Լ. Մ.) փորձում ենք ցույց տալ, որ քաղաքականության մեջ լինելու համար պարտադիր չէ որևէ կուսակցության լիդերի կարգավիճակ ունենալ։ Նման հավակնություններ ու ամբիցիաներ չունենք։ Ընդամենը մեր գործունեությամբ նպատակ ունենք ակտիվ քաղաքականության մեջ ներգրավել հատկապես երիտասարդությանը, որովհետև մտածում ենք ապագայի մասին, իսկ ապագան երիտասարդությանն է»,- հավաստիացրեց խորհրդարանի նախկին փոխխոսնակը, մեկ անգամ ևս շեշտելով, որ ՌԱԿ-ի շուրջ ծավալված «խոշորացման» այս գործընթացը հեռանկարային ծրագիր է և որևէ կապ չունի այսրոպեական ինչ-ինչ շահերի կամ առանձին անձանց քաղաքական հավակնությունների հետ (հիշեցնենք՝ ՌԱԿ-«Դաշինք»-«Ազգային վերածնունդ»- այլ ուժեր «ֆորմատը» շատերն են դիտարկում որպես քաղաքական բիզնես-ծրագիր՝ Ռոբերտ Քոչարյանին իշխանության բերելու տեսլականով)։
«Դուք պասիվ քաղաքական կեցվածք եք ընդունել մի իրավիճակում, երբ ընթանում են ակտիվ քաղաքական գործընթացներ։ Եթե այս պահին չեք զբաղվելու ակտիվ քաղաքական գործունեությամբ, բա ե՞րբ եք զբաղվելու»։
«Lragir-am»-ի հարցին ի պատասխան՝ Ալբերտ Բազեյանը նկատեց, որ քաղաքական ակտիվ գործընթացներ մեզանում միշտ էլ ընթացել են՝ սկսած 95-ից։
«Այլ խնդիր է, որ մինչև 94-ը մենք գտնվում էինք պատերազմական իրավիճակում, երբ հայ հանրությունը խորապես գիտակցում էր նախ և առաջ արտաքին վտանգի չեզոքացման, պետության անվտանգության ապահովման, նոր միայն ներքաղաքական խնդիրների աստիճանական լուծման անհրաժեշտությունը։ Ցավով պետք է արձանագրեմ, որ սկսած 95-ից՝ բոլոր ընտրությունները կասկածի տեղիք են տվել, հասարակությունը չի հավատացել դրանց արդյունքներին (մի փոքր վերապահում կարելի է անել միայն 99-ի խորհրդարանական ընտրությունների առնչությամբ)։ Պատահական չէ, որ բոլոր ընտրություններից հետո էլ եղել են ընդվզումներ, բողոքի ակցիաներ, և ներքին պայքարը պետության ներսում շարունակական բնույթ է կրել։ Նույնը և` այսօր։ Մենք, իհարկե, հետևում ենք իրադարձությունների ընթացքին, սակայն հետևողի հայեցողական դիրքերում չենք, այլ մշակում ենք հայեցակարգային ծրագրեր, որոնք մեկ օրվա աշխատանքի արդյունք չեն կարող լինել։ Զուգահեռաբար անցկացնում ենք խորհրդատվություններ տարբեր քաղաքական ուժերի ու գործիչների հետ։ Միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ այսօր ի զորու չենք երկրում իրավիճակ փոխելու, և որպեսզի կարողանանք ազդել պետության ներքին քաղաքական կյանքի վրա, առավել ևս, ինչ-որ չափով դիմագրավել արտաքին մարտահրավերները, պետք է ձևավորել ազդեցիկ քաղաքական ուժ, որը հավատ ու վստահություն կներշնչի հանրությանը։ Մենք փորձում ենք ստեղծել այդ ուժը»։
Իրականությանը համապատասխանո՞ւմ են, արդյոք, լուրերը, թե այն բանից հետո, երբ ԵԿՄ հերթական համագումարը կառույցի ներկա նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին կազատի երկրապահներին առաջնորդելու «հոգսից», այդ «բեռը» կդրվի հասարակական այս կազմակերպության ակունքներում կանգնած նախկին ազատամարտիկ Ալբերտ Բազեյանի ուսերին։ «Իրավունքը de facto»-ի այս հարցին վերջինս հետևյալ պատասխանը տվեց.
«Երևի հինգ-վեց տարի է արդեն՝ ես «Երկրապահում» որևէ գործունեություն չեմ ծավալել։ Չեմ մասնակցել նաև ԵԿՄ վերջին երկու համագումարներին՝ որպես պատվիրակ, թեև դե յուրե այս կազմակերպության վարչության անդամ եմ դեռ։ Այն մթնոլորտը, այն հարաբերությունները, որոնք այսօր ձևավորվել են ԵԿՄ-ում, իմ միջավայրը չեն։ Ես ընդհանուր ոչինչ չունեմ զինվորական այդ վերնախավի հետ՝ Մանվել Գրիգորյան, Հայկազ Բաղմանյան, Արշալույս Փայտյան և այլք, որոնց հանդեպ սուբյեկտիվ վերաբերմունք ունեմ։ Մարդիկ, ովքեր իրենց լուման ունեն արցախյան ազատամարտում, բայց ովքեր այս իրողությունը շահարկելով շատ ավելին են ստացել, քան իրենց հասնում էր իրականում։ Սա՝ առաջինը։ Երկրորդը. ես միշտ դեմ եմ եղել (և այս հարցում մշտապես տարակարծություններ եմ ունեցել Վազգեն Սարգսյանի հետ) ԵԿՄ-ի ստվերային քաղաքական գործունեությանը։ Ինձ համար հստակ է մեկ բան՝ այդ գործունեությունը պետք է լինի հրապարակային, քաղաքական կուսակցության միջոցով։ Նման քննարկումներ միշտ էլ եղել են. եթե զբաղվելու ենք քաղաքական գործունեությամբ, եկեք հիմնադրենք մեր կուսակցությունը, եթե չենք զբաղվում, ստվերային խաղեր տալն ինձ համար գոնե անընդունելի է։ Ինչ վերաբերում է այն լուրերին, թե իշխանությունները ցանկանում են իմ ղեկավարությամբ երկրապահների վերահսկելի կառույց ստեղծել և այլն, ամենայն լրջությամբ հայտարարում եմ` երբեք թույլ չեմ տվել, հիմա էլ թույլ չեմ տա, որպեսզի որևէ մեկն ինձ որպես գործիք ծառայեցնի՝ ինչ-որ վերահսկելի գործընթացներ ուղղորդելու համար»։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 4977

Մեկնաբանություններ